Զազարոս Աղայան և Հովհաննես Թումանյան

Ղազարոս Աղայանը Հովհաննես Թումանյանի Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Այս խմբակի անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Թումանյանի տանը և քննարկում գրական ստեղծագործություններ և ուղղակի զրուցում։

Չնայած Աղայանի և Թումանյանի տարիքների բավականին մեծ տարբերությանը, նրանք կարողանում էին մնալ լավ ընկերներ։ Նրանք շատ նման էին։ Երկուսն էլ ծնվել և մեծացել էին գյուղում։ Գյուղից եկել են քաղաք և մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից սկսել են իրենց գրական գործը։ Երկուսն էլ ունեցել են մեծ ընտանիք, երկուսն էլ սիրել են հայրենիքն ու իրենց ազգը։

Աղայանն ու Թումանյանն իրար հետ խոսում էին բարբառներով, Աղայանը՝ արարատյան, իսկ Թումանյանը՝ նաև լոռվա։ Գրողները իրար օգնում և լրացնում էին, խորհուրդներ էին տալիս միմյանց գրականության վերաբերյալ։ Երկու գրողն էլ սիրում էին երգել և երգում էին շարականներ։ Նրանք սիրում էին հայ ժողովրդական ծեսերը։

Ավետիք Իսահակյանը Աղայանի և Թումանյանի ընկերության մասին ասում էր․

Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Ասում են, որ գրողները նույնիսկ հեռվից զգում էին իրար.

Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է:

Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…

Թումանյանը նույնիսկ կանխագուշակել է Աղայանի մահը։ Դա Թումանյանը պատմել է իր «Տխուր հիշողություն» հոդվածում։