Լիպիդներ

Լիպիդները օրգանական նյութեր են։ Դրանք կան կենդանի և բուսական բոլոր բջիջներիում։ Լիպիդները ջրում չեն լուծվում, բայց լուծվում են օրգանական լուծիչներում։ Լիպիդներից ամենատարածվածը ճարպերն ու յուղերն են։ Ճարպերը կարող են լինել պինդ և հեղուկ։

Լիպիդները բաժանվում են երկու խմբի՝ օճառացվող և չօճառացվող։ Օճառացվող լիպիդները հիդրոլիզվում են թթվային և հիմնային միջավայրում, իսկ չօճառացվող լիպիդները հիդրոլիզի չեն ենթարկվում։

Կենդանի օրգանիզմներում լիպիդները կատարում են էներգետիկ, պաշտպանողական, կառուցվածքային, կարգավորիչ ֆունկցիաներ։ Լիպիդները մտնում են բոլոր մեմբրանների բաղադրության մեջ։ Ֆոսֆորական թթվի մնացորդ պարունակող լիպիդները բջջային բոլոր թաղանթների կառուցվածքի հիմքն են։ 1 գ ճարպի լրիվ ճեղքավորումից անջատվում է 38,9 կՋ էներգիա։ Ենթամաշկում գտնվող ճարպերը պաշտպանական դեր են կատարում։ Բացի այդ, լիպիդները օրգանիզմը պաշտպանում են ջերմության կորստից։ Նաև ճարպերի վերափոխման արդյունքում առաջանում է մեծ քանակությամբ ջուր, որը կարևոր է երկար ժամանակ առանց ջրի գոյատևող կենդանիների համար։ 1 կգ ճարպի օքսիդացումից առաջանում է 1,1 կգ ջուր։ Ճարպերը օրգանիզմում կուտակվում են նաև որպես պաշարանյութ։