Արյան գործառույթն ու բաղադրամասերը

Արյան գործառույթները

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակվող կենսաբանական ակտիվ նյութերը՝ հորմոնները: Բացի նշվածներից արյունը կատարում է նաև օրգանիզմի պաշտպանական դեր: Արյան մեջի սպիտակ գնդիկները վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ՝ իմունիտետը:

Արյան կազմը

Արյունը ունի կարմիր գունավորում: Արյան խտությունը մի քիչ ավել է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը՝ 5−6,5 լ: Արյունը կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից և ձևավոր տարրերից:

Արյան պլազմա

Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է 90−92%-ը, իսկ մնացած 8−10%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8%), ածխաջրերը (0,08−0,12%) և ճարպերը (0,5−1%), իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%:

Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր հակամարմիններ են: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Առանց ֆիբրինոգենի պլազման կոչվում է շիճուկ:

Արյան ձևավոր տարրեր

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտները արյան կարմիր ձևավոր տարրերն են: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: Նրանք ունեն կորիզ, բայց արյան մեջ մտնելիս կորցնում են այն: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է: Դրանք ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի՝ O2-ի ու CO2-ի հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու գործակիցը: 1 մմ³ արյունը պարունակում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, և մկանների աշխատանքի ժամանակ: Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:

Լեյկոցիտներ

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներն են՝ անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ են, քան էրիթրոցիտները, բայց քանակով՝ ավելի քիչ: Դրանք մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը: Արյան 1 մմ³-ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ: Դրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ: Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է:

Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Բորբոքումից առաջացած թարախը պարունակում է մեծ քանակությամբ մեռած մանրէներ և լեյկոցիտներ: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են «թափառող» բջիջներ:

Օտարածին նյութերի հետ շփվելիս լեյկոցիտները իրենց ֆերմենտների միջոցով քայքայում են դրանց: Նրանց կողմից մանրէների կլանման, մարսման պրոցեսը Ի. Ի. Մեչնիկովը անվանել է ֆագոցիտոզ: Մեկ լեյկոցիտը կարող է մեկ ժամում կլանել 20−30 մանրէ: Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները: Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց: